Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Երկրորդ կուրսի ուսանող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ են սկսվում դասերը։
ԵՊՀ-ում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:
2
Եթե չկարողանամ հաղթահարել լուծարքի առաջին փուլը, ապա ե՞րբ կարող եմ վերահանձնել։
Լուծարքները ընթանալու են 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):
3
Ե՞րբ է ավարտվում քննաշրջանը։
Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
Տիգրան Հարությունյան
15.01.18
2015 թվականին ավարտել եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ուսումնառության ընթացքում մեզ հատկացրել են ԵՊՀ էլ․ փաստի հասցե, որը ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանային օգտագործել։ Խնդիրն այն է, որ չեմ կարողանում հիշել գաղտնաբառս։ Էլ․ հասցես հետևյալն է. tigran.harutyunyan@ysumail.am։ Կխնդրեմ ասել՝ վերականգնելու համար անհրաժեշտ քայլերը։ Անձամբ չեմ կարող մոտենալ դեկանատ, քանի որ գտնվում եմ Հայաստանից դուրս։
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
16.01.18
Հարգելի՛ Տիգրան,
Անհրաժեշտ է կապվել Տեղեկատվական համակարգերի սպասարկման եւ զարգացման վարչություն: Հեռախոս՝ 060-71-01-53: Էլ․ փոստ՝ aarthur@ysu.am։
Սյուզի Կիրակոսյան
15.01.18
Որքա՞ն է Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտության տարեկան ուսման վարձը և ի՞նչ առարկաներ են անհրաժեշտ հանձնել միասնական քննության համար:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
16.01.18
Հարգելի՛ Սյուզի,
Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա մասնագիտության 2017/2018թթ․ ընդունելության տարեկան ուսման վարձը 540 հազար դրամ է։ Ընդունելության համար մրցութային կարգով անհրաժեշտ է հանձնել Մ (գ), Օտլ (գ) քննությունները, իսկ ոչ մրցութային կարգով՝ Հլգ (գ)* քննությունը։
Արուսիկ Սարգսյան
15.01.18
Ինչպե՞ս հաշվեմ ՄՈԳ-ս:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
15.01.18
Հարգելի՛ Արուսիկ,
Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ)։ Տարբերակվում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) եւ ամփոփիչ (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկանիշային միավորները եւ ՄՈԳ-երը։ 4-րդ կուրսն ավարտելիս հաշվարկվում են տարիների կտրվածքով:
Սեդա
14.01.18
Որքա՞ն է Իրավագիտություն մասնագիտության տարեկան ուսման վարձը, և ի՞նչ առարկաներ են անհրաժեշտ հանձնել միասնական քննության համար:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
15.01.18
Հարգելի՛ Սեդա,
2017/2018թթ. ուստարվա Իրավագիտություն մասնագիտության բակալավրիատի տարեկան ուսման վարձը 870 հազար դրամ է: Ընդունելության համար մրցութային կարգով անհրաժեշտ է հանձնել Հլգ (գ), ՀԺՊ (գ), Օտլ (գ) քննությունները:
Տիգրան Բարսամյան
12.01.18
Ես սովորում եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմություն մասնագիտությամբ առաջին կուրսում: Ցանկանում եմ փոխել ֆակուլտետս: Ի՞նչ հնարավոր տարբերակներ կան, որ կարողեմ հեշտությամբ տեղափոխվել այլ ֆակուլտետներ:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն
15.01.18
Հարգելի՛ Տիգրան,
Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում ԲՈՒՀ-ում սովորողների ակադեմիական շարժունության կարգը: